Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման պատճառով 24-ամյա Արթուր Թամազյանին օրերս վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նրան ողնաշարի վիրահատության են ենթարկել, եւ հույս կա, որ երիտասարդը կքայլի: Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ իրենց աշխատակցի համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները ուղարկվել են Սանկտ-Պետրոբուրգի եւ Գերմանիայի մասնագետներին, որպեսզի զննեն եւ գան վերջնական եզրահանգման, այժմ սպասում են մասնագետների պատասխանին:

Մամուլի քարտուղարն ասաց, որ դեպքը ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները, կա արձանագրություն, բայց դա ներքին օգտագործման փաստաթուղթ է: Առաջիկայում նրանք իրենց եզրակացությունը կհրապարակեն միջադեպի վերաբերյալ:  Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում դեռ նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ դեռ չի հարուցվել:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝   վթարի պատճառը մեքենայի տեխնիկական անսարքություն է եղել: Խնդիրն այն է, որ երիտասարդը մեքենավարը վախեցել է եւ դուրս թռչել պատուհանից, մինչդեռ եթե մնար ներսում, ինչպես մյուս երեք աշխատակիցները, դժբախտությունը տեղի չէր ունենա:

Հիշեցնենք, որ  Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:

Արթուր Թամազյանին «Արմավիրի» բ/կ-ից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, նրա վիճակը ծանր է: «Թե ինչու է այդպես եղել եւ ում պատճառով, ցույց կտա քննությունը: Բացի Արթուր Թամազայանից՝  եղել են եւս չորս հոգի, որոնք մնացել են գնացքի մեջ, փորձել են կանխել, իրենց ոչինչ չի եղել: Միջադեպը եղել է թեք տարածության վրա, իսկ երբ մեքենան դուրս է եկել հարթավայր, ինքնուրույն կանգնել է: Եթե մեքենավարը դուրս չնետվեր գնացքից, կարող էր վնասվածքներ չստանալ»,- ասել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը՝  հավելելով, որ վթարի ենթարկված մեքենան հատուկ տեխնիկա է, որը զբաղվում է երկաթուղային գծերի վերանորոգմամբ: