Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման պատճառով 24-ամյա Արթուր Թամազյանին առաջիկա օրերին կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Նա ողնաշարի վիրահատության պետք է ենթարկվի, ինչից հետո պարզ կլինի՝ երիտասարդը կկարողանա քայլել, թե ոչ: Վահե Դավթյանը նշեց, որ դեպքը ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ աշխատանքներ է կատարում, վերջնական եզրակացության չեն եկել, գուցե մյուս շաբաթվա ընթացքում ինչ-որ արդյունքներ հրապարակեն:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում դեռ նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ դեռ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:
Արթուր Թամազյանին «Արմավիրի» բ/կ-ից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, նրա վիճակը ծանր է: «Թե ինչու է այդպես եղել եւ ում պատճառով, ցույց կտա քննությունը: Բացի Արթուր Թամազայանից՝ եղել են եւս չորս հոգի, որոնք մնացել են գնացքի մեջ, փորձել են կանխել, իրենց ոչինչ չի եղել: Միջադեպը եղել է թեք տարածության վրա, իսկ երբ մեքենան դուրս է եկել հարթավայր, ինքնուրույն կանգնել է: Եթե մեքենավարը դուրս չնետվեր գնացքից, կարող էր վնասվածքներ չստանալ»,- ասել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը՝ հավելելով, որ վթարի ենթարկված մեքենան հատուկ տեխնիկա է, որը զբաղվում է երկաթուղային գծերի վերանորոգմամբ:





























