Համոզված եմ՝ եթե չլիներ Հայաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը, Ռուսաստանը Հայաստանին չԷր «հրավիրի» միանալու Մաքսային Միությանը: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ուներ Մաքսային միությունում Բելառուսի եւ, առավել եւս, Ղազախստանի հետ, որն առավել ցայտուն դրսեւորվեց վերջերս Մինսկում:

Նրա խոսքով՝ Պուտինը միջնորդելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, դրանով կանխեց Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: «Եվրոպան, «հրավիրելով» Հայաստանին ինտեգրվելու եվրոպական շուկա, կարծում եմ, հստակ գիտակցում էր, որ Հայաստանին մղում է չափազանց վտանգավոր ռիսկի` ընդհուպ մինչեւ Արցախից հրաժարվելը: «Հրավերի» քաղաքական բաղադրիչը շատ ավելի ակնհայտ էր, քան տնտեսականը: Քաղաքական անմտություն, եթե ոչ քաղաքական տգիտություն է կարծել, որ, որեւէ պետություն կարող է գտնվել ուժային մեկ կենտրոնի պաշտպանական գոտում, բայց տնտեսապես ինտեգրվել նրան մրցակից եւ քաղաքական բացահայտ հակառակորդ մեկ այլ ուժային կենտրոնի տարածք: Եվրամիությունը լավագույնս հասկանում էր, եթե Ռուսաստանի տարածաշրջանային հիմնական ռազմավարական դաշնակցին կարողանում է ինտեգրել գայթակղիչ եվրատարածք, իսկ գայթակղվելու բավականին լուրջ հիմքեր եւ պատճառներ կան, նա դրանով զգալիորեն թուլացնում է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում»,-նշել է Հակոբյանն ու հավելել, որ, նկատի ունենալով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ նրա ոչ կայուն եւ բարդ հարաբերությունները, ոչ հեռու ապագայում կարող էր Ռուսաստանը ընդհանրապես զրկվել տարածաշրջանում իր ազդեցությունից:

«Ժառանգության» ներկայացուցչի ներկայացմամբ՝ ցավոք, Հայաստանի իշխանությունները, տրվելով ԵՄ-ի հետ քաղաքական սիրախաղին, հայտնվեցին բավականին ծանր եւ ոչ շահեկան իրավիճակում: «Լավ օրից չէ, որ հայ-թուրքական սահմանին այսօր ռուս զիրնվոր է կանգնած, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը ռուսին կարող է համոզիչ բացատրել, որ, գիտես, դու պաշտպանիր իմ սահմանը թուրքերից եւ անհրաժեշտության դեպքում թուրք սահմանախախտին ոչնչացրու, բայց ինձ թույլ տուր քո հակառակորդի հետ միասին քեզ չեզոքացնել մեր տարածաշրջանից»,-ասել է նա:

Ռուբեն Հակոբյանն աղոտ է պատկերացնում ՄՄ-ն կայացման ճանապարհային քարտեզն ու ապագան: «Ղազախստանի շուրթերով Թուրքիան կատարեց իր ձիու քայլը` հայտարարելով, որ ցանկություն ունի անդամակցելու ՄՄ-ը եւ ինչպես միշտ` ճիշտ ժամին հայտնվեց ճիշտ տեղում, կամ ճիշտ պահին արտաբերեց անհրաժեշտ նախադասությունը՝ փորձելով խառնել ՄՄ-ում մինչ այդ ձեւավորված խաղի կանոնները: Չի բացառվում, որ վաղը ՄՄ-ն շուրջ ստեղծված այս շիլաշփոթում Ռուսաստանը անկեղծորեն մեզ հայտարարի, որ՝ իմ հարգելի ռազմավարական դաշնակից, չնայած ձեզ խոստացել էի միջնորդել ՄՄ անդամակցվելու հարցում, բայց, կներեք, հանգամանքների բերումով այն չստացվեց»,-նկատել է Հակոբյանը, համողմունք հայտնելով, որ Հայաստանը պարտավոր էր շարունակեր պահպանել ակտիվ սպասողի իր չեզոքությունը, չտրվեր սադրանքների եւ իր հակասական պահվածքի պատճառով Հայաստանը չդարձներ երկու հակարակորդ ուժային կենտրոնների համար մարտադաշտ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջնորդվում է իր շահերով: