Թուրքիայի Դերսիմ նահանգում (ներկայում այն Թունջելի է կոչվում-խմբ) ծնված եւ թուրքական իշխանությունների դեմ բավականին խիստ հայտարարություններով հայտնի քուրդ հայտնի երաժիշտ Ֆերհաթ Թունչի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի ծանր հացագործությունների գործերով դատարանը Ֆերհաթ Թունչի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով նրան ազատազրկել 3 տարով։ Դատարանը քուրդ արվեստագետին մեղադրում է հատուկ իարավասություններով դատարանները թիրախ դարձնելու եւ ահաբեկչական կառույցը քարոզելու մեջ։
Դատարանի հայցը կապված է 2012 թվականին Դերսիմի Մնձուրի փառատոնի ժամանակ Թունչի հայտարարության հետ, որում նա ասել էր, թե Մալաթիայի ծանր հանցագործությունների գործերով դատարանն աշխատում է 37 թվականին Սեյիթ Ռըզային եւ ընկերներին կախաղան հանած դատարանների պես։
Նշենք, որ Ֆերհաթ Թունչն իր հարցազրույցներում կամ հրապարակախոսություններում խոսում է Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտության մասին։
«Ցեղասպանություններն ու կոտորածները մարդկության պատմության մութ էջերն են կազմում։ Մութ էջերից կազմված իրենց պատմությանը հետ առերեսումից խուսափոխ պետությունները շարունակում են հանցանքներ գործել։ 1915-ի Հայոց ցեղասպանության հետ նույն կերպ չառերեսվող, նույնիսկ մի ներողությունը շատ համարող պետական ավանդույթի դեմ ենք կանգնած»,-ամիսներ առաջ հայտարարել էր Ֆերհաթ Թունչը։





























