Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանական պատվիրակության անդամներին մեր երկրում, ընդգծելով, որ պատգամավորների այցը Հայաստան լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, զգալու մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը հնդիկ ժողովրդի նկատմամբ: Նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խորհրդարանների միջեւ կառուցողական եւ սերտ համագործակցության զարգացմանն զգալիորեն նպաստում է նաեւ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի աշխատանքը:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ գոյություն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, երկու երկրները սերտորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ, ինչը լավ հիմք է զարգացնելու հարաբերությունները նաեւ առեւտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում: Կողմերի համոզմամբ, դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական ջերմ բարեկամական հարաբերությունները, սերտ մշակութային կապերը պահպանվում եւ ամրապնդվում են նաեւ Հնդկաստանի հայ համայնքի շնորհիվ:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին եւ կառավարությանը՝ հայ համայնքի, հայկական եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության եւ հոգատար վերաբերմունքի համար:
Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ զարգացման զգալի ներուժ ունեցող մի շարք ոլորտներում՝ ՏՏ, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության եւ այլ, համագործակցության խորացման հնարավորությունները, ինչն իր հերթին կխրախուսի երկու երկրների տնտեսություններում փոխադարձ ներդրումները:
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի պատվիրակության անդամներին ցավակցություն է հայտնել Հնդկաստանում երեկ տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային պատահարի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատաներին հայտնել իր զորակցությունը:
Պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին անկեղծ ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ Հնդկաստանը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:





























