Ներկայումս Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցությունը չի կարելի իրական համարել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Եթե Թուրքիայի այդ խաղը շարունակվի, հնարավոր է, դա ապագայում իրական դառնա, սակայն հիմա դրա համար իրական նախադրյալներ չկան»,-ընդգծել թուրքագետը: Նրա համոզմամբ, Թուրքիայի այդ խաղը կապված է ԱՄՆ եւ ԵՄ հետ, քանի որ վերջինս դադարեցրել է Անկարայի հետ բանակցային գործընթացը եւ խիստ քննադատության է ենթարել Թուրքիայի ղեկավարությանը՝ կապված Գեզի պուրակի շորջ ծավալված իրադարձությունների հետ: «Կարծում եմ՝ Մաքսային միությանը միանալու Թուրքիայի խաղերը պայմանավորված են ԵՄ վրա ճնշում գործադրելու ցանկությամբ: Սակայն այն անքան հեռուն չի գնա, որ իրական գործընթացի վերածվի»,-ընդգծել է Սաֆրաստյանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը հոկտեմբերի 24-ին հայտարարել էր թուրք վարչապետի՝ Մաքսային միությանը միանալու խնդրանքի եւ այդ երկրի՝ ՄՄ-ին միանալու հնարավորության մասին: Այդ առաջարկությունն առայժմ ոչ մի զարգացում չի ստացել:





























