Հայաստանը «ամենալուրջ» մակարդակով ներկա կլինի Եվրամիության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում, որն իր աշխատանքները սկսելու է նոյեմբերի 28-ին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
«Ձեւը եւ բովանդակությունը միմյանց հետ փոխկապակցված են: Մեզ համար առաջնայինը բովանդակությունն է՝ ինչպես կձեւավորենք այն շրջանակը, որով շփվում ենք ԵՄ մեր գործընկերների հետ: Դա կարտահայտվի փաստաթղթի մեջ… դա վերջին փաստաթուղթը չի լինելու, գործընկերությունը շարունակվելու է»,- ասաց Զ. Մնացականյանը: Այնուամենայնիվ՝ փոխարտգործնախարարը հստակ չասաց, թե ինչ փասթաթղթի մասին է խոսքը:
Զ. Մնացականյանն ասաց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը մշակելիս առավել զգայուն են եղել, եւ առավել հաշվի առել այլ կողմերի հետ պայմանավորվածությունները:





























