Հայաստանի Մարդու իրավունքների պաշտանի գրասենյակի միջնորդության արդյունքում կինը վերջապես ստացել է ամիսներով չվճարված ալիմենտը:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Մարինե Կարապետյանը (անուն-ազգանունը փոխված է) 2004 թվականից ամուսնալուծված է եւ ունի 12-ամյա որդի: Դատարանի որոշմամբ նախկին ամուսինը պարտավորվում է իրեն վճարել ամսական 25.000 դրամի չափով ալիմենտ, սակայն վերջինիս անբարեխղճության հետեւանքով ամիսներ շարունակ չի ստանում սահմանված գումարը:

Դեռեւս օգոստոսին Մարինեն դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, այն ժամանակ դեռ 5 ամսվա կուտակված ալիմենտը ստանալու խնդրով, եւ մինչ օրս որեւէ պատասխան չէր ստացել: Եվ, փաստորեն, ԴԱՀԿ ապահովող ծառայությունը արդեն 7 ամսից ավելի չէր ապահովել դատական ակտի պահանջի կատարումը:

Այս առիթով Մ. Կարապետյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին եւ, արդյունքում, բռնագանձվել եւ արդեն նրա հաշվեհամարին է փոխանցվել բոլոր ամիսների չվճարված ալիմենտը»: