Ադրբեջանը բաց կթողնի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) իր նախագահության հերթը: Ինչպես ԱՊԱ-ին են հաղորդել կազմակերպության քարտուղարությունում, հաջորդ տարվա հունվարից եւ առաջիկա վեց ամիսների ընթացքում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բուլղարիային: Նշենք, որ ՍԾՏՀ-ում նախագահությունը երկրները ստանձնում են ըստ այբենական կարգի: «Նախագահությունը կանցնի Բուլղարիային, քանի որ Ադրբեջանը տեղեկացրել է, որ բաց է թողնելու իր հերթը»,-հաղորդել են քարտուղարությունում:
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը, որոշումը կապված է նրա հետ, որ հաջորդ տարի Ադրբեջանը ստանձնելու է մի շարք միջազգային կառույցների նախագահությունը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ադրբեջանը ստանձնել էր ՍԾՏՀ նախագահությունը 2009-ի երկրորդ կեսին: ՍՏԾՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում, որը կայացել էր 2009 –ի նոյեմբերին Բաքվում, Ադրբեջանը նախագահությունը հանձնել էր Բուլղարիային:





























