«Սթրես Կենտրոն» ՓԲԸ-ի գանձապահ 47-ամյա Մովսես Ոսկանյանը յուրացրել է աշխատակիցների աշխատավարձը: Ավան եւ Նոր-Նորք համայնքների  ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 47-ամյա Մովսես Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Սթրես Կենտրոն» ՓԲԸ-ի գանձապահը եւ կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման նյութական պատասխանատու անձ, 2012թ. փետրվարի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում դրամարկղից վերցնելով ՓԲԸ-ի աշխատակիցների 2012թ. հունվար ամսվա աշխատավարձը, յուրացման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ վճարային թիվ 9,10, 12,13 տեղեկագրերում կեղծել է աշխատակիցների ստորագրությունները եւ անձամբ ստորագրել նրանց անվանումների դիմաց՝ յուրացնելով խոշոր չափի՝1.192.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Քրեական գործ է հարուցվել 179  հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմաmբ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3  տարի ժամկետով կամ առանց դրա:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյմբերի 4-ին: Առաջիկայում կնշանակվի  դատական քննության օրը: