Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է Տրետուկ գյուղի մի բնակչուհու դիմում` հասցեագրված ՀՀ նախագահին: Դիմումի մեջ կինը նշում էր, որ իր որդին` Դավիթ Բաղդասարյանը, տարբեր մարդկանցից անասուններ է հավաքել, որ գումարի դիմաց պահի և այդ գումարով իրենց տունը վերանորոգի, սակայն անասուններից 4-ին գողացել են, ու մինչ օրս չեն գտնում: Կինը գրել էր, որ իրենց մի կովը տվել են անասնատերերին, մյուս երեքի գինն էլ պետք է հատուցեն՝ 600 հազար դրամ, բայց հնարավորություն չունեն: Անասունների տերերը սպառնացել էին՝ եթե գումարը չտան, որդուն կսպանեն: Կինը նախագահից խնդրում էր ֆինանսական օգնություն, գումարը վերադարձնելու համար:

Ոստիկանների հետախուզական գործողությունների արդյունքում բոլորովին այլ բան է պարզվել:

«Առանց իրենց տեղյակ պահելու մենք էտ անասունները տարել ենք, ընկերոջս հետ ծախել ենք, բայց անասունների տերերի հետ խոսացել էի, որ կամաց-կամաց փակեմ էդ փողերը: Իմ ընկերոջ հետ փակել եմ էդ փողերը:Ես իմ ընտանիքին ասել էի, որ անասուները կորել են»,-ոստիկաններին պատմել է Դավիթ Բաղդասարյանը:

 Դավիթը մենակ չի եղել, նրան օգնել է իր ընկերը` Ալբերտ Մովսիսյանը: Նրանք միասին էին հովվություն արել, միասին էլ որոշել էին վաճառել: Մի գյուղացու վաճառել էին 3 անասուն՝ 450 հազարով, մեկ այլ գյուղացու՝ կովը` 250 հազարով: «Էդ գումարը չգիտեմ իմ ընկերը ինչ է արել, բայց վարկ ուներ, երևի վարկն է մուծել»,- ասել է Դավիթը:

Դավիթի պատմելով՝ նամակի մասին տեղեկացել է միայն ոստիկանության բաժանմունքում, իսկ անասնատերերի սպառնալիքների մասին նույնիսկ տեղյակ չի եղել. «Իմ մայրիկը ինձ չէր էլ տեղեկացրել, որ տավարատերը եկել ա, իրեն սպառնացել ա: Ես աշխատում եմ մեր գյուղապետի մոտ` կարտոշկի դաշտում, կորտոֆիլ էինք բարձում, և խոսացել էի, որ այդ աշխատավարձով ամեն ինչը կկարգավորեի»:

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույքի յուրացում:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։