Այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող» ծրագրով մեկնարկել են Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) եւ Ուսանողների միջազգային (նշվում է նոյեմբերի 17-ին) օրերին նվիրված տոնական միջոցառումների շարքը։ Երեկոյի ընթացքում, որին մասնակցում էր Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ավելի քան 1000 ուսանող, հանձնվել են առաջին կուրսեցիների ուսանողական եւ ստուգման գրքույկները։ Պարգեւատրվել են բուհի լավագույն ուսանողները։ Լավագույն բրյուսովական կոչմանն արժանացել են  Հայկ Համբարձումյանը, Հայկուհի Գրիգորյանը, Տաթեւիկ Հունանյանը, Սաթենիկ Կուզանյանը։

Նշենք, որ երիտասարդական տոների առթիվ միջոցառումների շրջանակներում, ուսանողների եւ երիտասարդների ընդունելություններ կկազմակերպեն ՀՀ վարչապետն ու ՀՀ ԿԳ նախարարը։ Կանցկացվի «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով, որի ընթացքում առանձին տաղավարներով կներկայանան երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու ուսանողական կազմակերպությունները, կանցկացվեն նաեւ բազմաբնույթ քննարկումներ, սեմինարներ երիտասարդական թեմաներով։ Կկազմակերպվի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթ։ Տեղի կունենա հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Կպարգեւատրվեն երիտասարդ գիտնականները։ Կանցկացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո եւ «Մեր տոնն է այսօր» խորագրով միջբուհական փառատոն։ «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ երաժշտական խմբերն ու անհատ կատարողները տոնական տրամադրություն կստեղծեն բուհերի տարածքում եւ քաղաքում։ Ուժերը կչափեն երիտասարդ քաղաքական, պետական գործիչների եւ ուսանողների ֆուտբոլային թիմերը։ Հիմնադրամը երիտասարդներին կնվիրի նաեւ «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագիրը։

Միջոցառումները 10 օր շարունակ տոնական տրամադրություն կստեղծեն երիտասարդների շրջանում, ծրագրեր կիրականացվեն նաեւ մարզերում։