Լիտվայի հատուկ քննությունների ծառայությունը հարցաքննել է մի քանի լրագրողների՝ պետական անվտանգության դեպարտամենտից տեղեկատվության արտահոսքի գործով:
Նայեմբերի 7-ին Վիլնյուսում պետական անվտանգության դեպարտամենտի գլխավոր շենք են տարել BNS գործակալության նորությունների բաժնի խմբագիր յուրատե Դամուլիտեին եւ նրա տեղակալ Յուրատե Սկերիտեին: Ավելի վաղ հարցաքննվել էր նույն գործակալության ղեկավար Յուրգա Էյվայտեն, իսկ խմբագրության շենքից քննիչներն առգրավել են մի քանի համակարգիչներ, հաղորդում է DELFI-ին:
Նախաքննության ընթացքում դատավորը պարտավորեցրել է գործակալության խմբագրին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Նրա տանը խուզարկություն է կատարվել, հարցաքննվել են գործակալության 6 աշխատակիցներ: BNS-ում նշել են, որ տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը ազատ մամուլի երաշխիքներից մեկն է:
Գլխավոր դատախազ Գինտաս Իվանաուսկասը եւ Հատուկ քննությունների ծառայության ղեկավար Սաուլյուս Ուրբանավիչուսը հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ հետաքննության պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 31-ին գործակալության հրապարակած նյութը, որտեղ վկայակոչելով հանրապետության պետանվտանգության դեպարտամենտին, նշվել է, որ Ռուսաստանը տեղեկատվական սադրանքներ է պատրաստում Լիտվայի առաջին դեմքերի, մասնավորապես, նախագահ Դալի Գրիբաուսկայտեի դեմ: Նյութում ասվում է, որ ռուսական կողմը մոտ ժամանակներս Լիտվայի նախագահին անվանարկող տեղեկատվություն կտարածի, իսկ ավելի կոնկրետ, կհրապարակի կեղծված փաստաթղթեր, որոնք իբր գտել են ՌԴ արխիվում, եւ որոնք վերաբերում են Գրիբաուսկայտեի կենսագրությանը:
Լրատվամիջոցներ. Ռուսաստանը Լիտվայի դեմ նոր հարձակումներ է նախապատրաստում





























