Չիլիացի հայտնի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդայի մասունքների փորձաքննության արդյունքները չեն հաստատել վարկածը, թե նրա մահվան պատճառը թունավորումն է եղել:

Ներուդան մահացե է 1973-ի սեպտեմբերին, Չիլիում ռազմական հեղաշրջումից անմիջապես հետո: Պաշտոնական վարկածով՝ բանաստեղծի մահվան պատճառը շագանակագեղձի քաղցկեղն է եղել, սակայն նրա վարորդը եւ չիլիացի լրագրող Ֆրանսիսկո Մարինը պնդել են, որ նրան սպանել են Աուգուստո Պինոչետի կողմնակիցները՝ մահացու ներարկման միջոցով: Այս տարվա գարնանը բանաստեղծի մասունքները դուրս են բերել գերեզմանից՝ փորձաքննությունների նպատակով:

Չիլիացի եւ միջազգային փորձագետներից կազմված 15 հոգանոց խումբն այսօր՝ նոյեմբերի 8-ին հայտարարել է ավելի քան 6 ամիս շարունակվող փորձաքննությունների արդյունքները: Նրանք հայտարարել են, որ բանաստեղծի մասունքներում որեւէ թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերել:

Չիլիի դատական փորձաքննությունների ծառայության տնօրեն Պատրիսիո Բուստոսը նշել է, որ ամենայն հավանականությամբ, Ներուդայի մահվան պաշտոնական վարկածը համապատասխանում է իրականությանը, հաղորդում է ՌԱՊՍԻ-ին: