68-ամյա տղամարդը չէր կարող նույնիսկ պատկերացնել, որ ընտանիքի սիրելիի՝ Ջեյդ մականվամբ գերմանական հովվաշան հետ զբոսանքը կվերածվի փրկարարական գործողության, հաղորդում է Birmingham Mail-ը:

Բրիտանական Բիրմինգեմ քաղաքի բնակիչ Ռոջեր Ուիլդեյը տեղի այգիներից մեկում զբոսնում էր Ջեյդ մականվամբ իր շան հետ, երբ շունը իրեն սկսել է տարօրինակ պահել:«Ցերեկը ժամ 3-ի սահմաններում ես ու Ջեյդը սովորականի պես զբոսնում էինք: Հովվաշունն ինձ մոտ էր մինչ այն պահը, երբ մենք մոտեցանք թփերին: Հասնելով դրանց՝ նա հանկարծ նետվեց մի կողմ ու անհետացավ տեսադաշտից, մինչեւ հասցրեցի կանչել նրան: Ես նույնպես թփերից անցա ու տեսա, որ Ջեյդն ինչ-որ պայուսակի կողքին է: Քանի որ նա ինձ մոտ չէր գալիս, ես ստիպված էի մոտենալ ու տեսնել, թե ինչն է այդքան հետաքրքրել իմ շանը: Երբ մոտեցա, պայուսակը շարժվեց, ու ես մտածեցի որ այնտեղ կատվի ձագեր են: Սակայն հանկարծ նկատեցի փոքրիկ ձեռքեր, որից հետո մանկական լացի ձայն լսեցի»,- հիշում է 68-ամյա տղամարդը, հաղորդում է Animalworld.com.ua-ն:

Ապշահար Ռոջերը դիպել է նորածնի ձեռքերին ու հասկացել է, որ նրան քիչ առաջ են թողել, քանի որ փոքրիկի մաշկը դեռ տաք էր: Երեխային թողնելով շան հսկողության տակ, տղամարդը գնացել է մոտակա շենք ու փրկարարական ծառայության աշխատակիցներին օգնության է կանչել, որից հետո զբոսայգի է վերադարձել: Շուտով դեպքի վայր են հասել ոստիկաններն ու բժիշկները, որոնք շրջափակել են տարածքը, որտեղ հայտնաբերվել է փոքրիկը եւ նորածնին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ հայտնաբերման պահին աղջիկը մի քանի ժամվա ծնված էր: Մանկաբույժները հայտնել են, որ եթե նորածինը զբասայգուց քիչ ավելի ուշ հիվանդանող տեղափոխվեր, ապա դա անդառնալի հետեւանքներ կունենար: