Պյատիգորսկի 12-ամյա բնակչուհի Օլեսյային մահից փրկել է շունը: Տրամվայի դիմացից գծերն անցնելիս աղջիկն ընկել է եւ կորցրել գիտակցությունը: Հավատարիմ շուն Այաքսը, ատամներով բռնելով աղջկա հագուստից, տիրուհուն դուրս է բերել մոտեցող տրամվայի անիվների տակից: 

Կատարվածի պատկերը վերականգնվել է ականատեսների պատմածով: Աշակերտուհին, սայթաքելով տրամվայի գծերի վրա, ընկել է եւ կորցրել գիտակցությունը: Հնարավոր ողբերգությունից մի ակնթարթ առաջ, երբ թվում էր, թե երեխային արդեն անհնար է օգնել,  շունը նետվել է ուղիղ անիվների տակ, հաղորդում է Lifenews.ru-ն:

Շունը ատամներով բռնել է աղջկա բաճկոնից եւ փորձել նրան հեռացնել ճանապարհից: Տրամվայը  երեխային մի քանի մետր քարշ է տվել եւ կանգ առել: Այժմ աղջիկը հիվանդանոցում է՝ ազդրի եւ անրակի կոտրվածքով: 

Տրամվայի վարորդը արել է հնարավոր ամեն ինչ՝ ողբերգությունից խուսափելու համար: Այնուամենայնիվ, կատարվածից հետո նա վճռել է հեռանալ աշխատանքից: