Apple-ի համար տհաճ դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի մայրաքաղաքում: Ցուցադրական Apple iPad Air պլանշետը, որը միացած էր սնուցման սարքին(պետք է ենթադրել, որ օրիգինալն է) այրվել է հենց խանութում: Ստիպված են եղել անգամ հրշեջների կանչել ու տեղահանել խանութի անձնակազմին, այցելուներին:

Միջադեպը տեղի է ունեցել Vodafone օպերատորի խանութում Կանբերայում: Աշխատակիցներից մեկը տեսել է բռնկումը, որից հետո ցուցադրական պլանշետը բոցավառվել է, սնուցման սարքի հետ միասին կրակ է բռնկվել ու ծուխ է տարածվել: Այն բանից հետո, երբ խանութում ծուխ է լցվել, իսկ աշխատակիցները հասկացել են, որ ինքնուրույն չեն  կարող  մարել կրակը, կանչել են հրշեջների: Խանութի աշխատակիցները այցելուների հետ միասին ստիպված են եղել լքել շինությունը, հաղորդում է Hi-tech.mail.ru-ն:

Ուրախացնում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել. հրշեջները մարել են պլանշետը, որն արդյունքում ամբողջովին այրվել է: Apple-ը չի մեկնաբանել միջադեպը, սակայն ընկերության մասնագետներն արդեն վերցրել են iPad Air-ը, որպեսզի պարզեն հրդեհի պատճառը: