Փարիզի Կորտո համերգասրահում, օրերս տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված դասական երաժշտության երեկո:

Երեկոյի ընթացքում երաժիշտներ Դավիթ Հարությունյանը, Լիզ Բերտոն եւ Միքայել Հախնազարյանը Հայաստանից ժամանած «Նաիրի» լարային քառյակի հետ միասին կատարեցին Շտրաուսի, Բրամսի եւ Մանսուրյանի ստեղծագործությունները:

Համերգի ավարտին, ընդառաջելով լեփ-լեցուն դահլիճի տեւական հոտնկայս ծափահարություններին, երաժիշտները կատարել են նաեւ Կոմիտասի «Ալ Այլուղս» հանճարեղ ստեղծագործությունը` ամբողջականացնելով ներկաների` համաշխարհային եւ հայկական դասականներից ստացած տպավորությունները: Միջոցառումը, որը մեկ հարկի տակ էր միավորել ֆրանսիացի եւ հայ հարյուրավոր երաժշտասերների, նախաձեռնվել էր «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից:

Համերգի հաջորդ օրը Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տաղանդաշատ երաժիշտներին ընդունել է դեսպան Վիգեն Չիտեչյանը` շնորհավորելով վերջիններիս տպավորիչ ելույթի կապակցությամբ եւ մաղթելով նորանոր ստեղծագործական բարձունքներ: