Եթե ղարաբաղյան հարցը հեշտ լուծելի լիներ, ապա մենք արդեն արել էինք դա: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես գիտեմ, որքան ցավոտ է ադրբեջանցիների համար ղարաբաղյան հարցն ու գիտեմ, որ ադրբեջանցիների 99 տոկոսն այդ առթիվ միեւնույն դիրքորոշումն ունի: Ես հասկանում եմ արդբեջանցիների հիասթափությունը, երբ ավելի քան 20 տարի անցել է, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել»,- նշել է Ռիչարդ Մորնինգսթարը:

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 20 տարի աշխատում է այդ խնդրի ուղղությամբ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր. «Համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ մենք կանենք հնարավոր ամեն բան կոնֆլիկտը կարգավորելու համար: Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը մեծ պետություններից ավել ջանքեր են ակնկալում, հատկապես ԱՄՆ-ից: Տարածաշրջան կատարած այցերի ժամանակ մարդիկ փողոցներում ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ հարցը չի լուծվում: Վստահեցնում եմ, եթե ղարաբաղյան հարցը հեշտ լուծելի լիներ, ապա մենք արդեն արել էինք դա: Հավատում եմ, խնդիրը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ կողմերը վերջնականապես ցանկական լուծել այն»:

Պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին ամենամյա ֆինանսական օգնության մասին հարցին՝ Ռ. Մորնինգսթարը նշել է, որ այն տրամադրվում է Կոնգրեսի մանդատի համաձայն ու կրում է միայն հումանիտար բնույթ. «Բացի այդ, խոսքը մեծ գումարների մասին չէ»: