Բոլոր առողջ մարդիկ, ովքեր չեն ցանկանում դիաբետով հիվանդանալ, պետք է փոխեն իրենց կենսակերպը՝ ավելացնելով ակտիվությունն ու շարժունակությունը: Այդ մասին հայտարարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը, բացելով Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Երեւանի Մոսկվայի տանը(Ֆոտո):

Բժիշկ Հայրապետյանն իր խոսքը սկսել է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա լոգոտիպի մեկնաբանմամբ, որը հաստատվել է Դիաբետի միջազգային դաշնության (International Diabetes Federation) կողմից՝ երկնագույն շրջան, որը խորհրդանշում է համախմբում:

Հայաստանն այս օրվան միացել է 15 տարի առաջ՝ ամեն տարի նշելով ու աջակցելով դիաբետով հիվանդներին: Դիաբետի միջազգային դաշնությունն ու եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջին անգամ  ինսուլինի ներարկում կատարած գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը, հռչակել են Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր:

2007 թվականից Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո: Դիաբետի միջազգային դաշնության տվյալների համաձայն  ամբողջ աշխարհում պաշտոնապես գրանցված է դիաբետով հիվանդ 371 մլն մարդ:

Տարեկան Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անց է կացվում տարբեր կարգախոսների ներքո: Այսպես, 2009թ.-ին ընդունվել էր «Դիաբետը երեխաների ու երիտասարդների շրջանում» կարգախոսը, 2010թ.-ին՝ «Հասկանալ դիաբետն ու այն վերցնել հսկողության տակ», 2011թ-ին՝ «Դիաբետ. կրթություն ու կանխարգելում», 2012թ.-ին՝ «Նախազգուշացված ես, ուրեմն զինված ես», իսկ 2013թ.-ին ՝ «Դիաբետ. պաշտպանենք մեր ապագան»:

Հայրապետյանից հետո ելույթ ունեցած բժիշկները՝ Հայաստանի Առողջապահության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորամանյանը, Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի դոցենտ Ելենա Աղաջանովան, Երեւանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը, արձանագրել են, որ, ցավոք, ամեն տարի դիաբետով հիվանդների  թիվն աճում է: Նրանք նաեւ նշել են, որ Հայաստանում վերջապես կլուծվի ինսուլինի ներկրման խնդիրը. Առողջապահության նախարարությունը հաստատել է հնգամյա պայմանագիր, ու հանրապետությունը բարձորակ ինսուլին կստանա: Սակայն երեխաների ու հղի կանանց ապահովումն ինսուլինով դեռ վերջնականապես լուծված չէ, նշել են բժիշկները:

Միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ով հավաստիացրել է, որ նախարարությունը զբաղվում է բնակչության այս կարգի խնդիրներով ու ջանքեր է գործադրում դիաբետով հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու համար:

Միջոցառումն ավարտվել է դիաբետով հիվանդ երեխաների մասնակցությամբ համերգով: