Իշխանությունն ու ժողովուրդը գնահատում են միայն կառուցողական ընդդիմությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, կոռուպցիա, կարեւորագույն խնդիրներ, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ: Եվ այն, որ մեր կառավարությունը տեղյակ է այդ խնդիրներից, որոշ դժվարություններ են ստեղծում մեր ընդդիմախոսների համար: Մենք պատրաստ ենք պրոֆեսիոնալ բանավեճի, ցանկացած հարցի քննարկման, պատրաստ ենք ներկայացնել ողջ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես ենք մտադիր լուծել մեր առջեւ կանգնած խնդիրները եւ բանավիճել, թե արդյոք ձեր կողմից ներկայացվող մեթոդներն ավելի արդյունավետ են, քան մեր կողմից առաջարկվողները: Երկխոսության այսպիսի ձեւաչափը առավել արդյունավետ կլինի եւ ձեզ համար, եւ հասարակության: Դրա փոխարեն հնչում են անհիմն վիրավորանքներ: Այդ ուղին ոչ մի տեղ չի տանում, ինչպես չի բերել վերջին 23 տարիներին:

Մեր երիտասարդ հանրապետության փորձն ապացուցում է, որ ընդդիմությունը հաջողության է հասնում, որն աշխատում է կառուցողական դաշտում, որը ասելիք ու առաջարկներ ունի: Դա անխուսափելիորեն գնահատում են եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը»,-վստահեցրել է վարչապետը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հանրապետության ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության կայացումն է: «Այստեղ մենք, իհարկե, համաձայն ենք քննադատության հետ: Մեր կառավարության սուրբ պարտականությունն է, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն դրական արդյունքներ»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը: