Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի նիստը, որի ժամանակ Հայաստանն Ավստրիային է փոխանցել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաեւ նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության  ամրապնդման եւ իրավունքի գերակայության հաստատման առումով։ Նախարարի բնորոշմամբ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել  ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը,  մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:

«Մեր նախագահության ընթացքում սերտորեն համագործակցել ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների հետ, ակտիվ փոխգործակցություն ենք ունեցել Գլխավոր քարտուղարի եւ քարտուղարության,  Խորհրդարանական վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետե,- ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայաստանը մեծ կարեւորություն է տվել Եվրոպայի խորհրդում իր նախագահությանը։ Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ ու հանդիպեց կազմակերպության ղեկավարության հետ, ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Մեր նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմե բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ եւ երաշխիքներե համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներումե խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համարե  համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրերե 2013 ծրագիրը եւ շատ այլ միջոցառումներ:

Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15 –րդ եւ 16-րդ  արձանագրությունների համաձայնեցումը եւ ստորագրման գործընթացի մեկնարկը։

Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելուն:

Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները:

Նախարարների կոմիտեն  մեծ ուշադրությամբ հետեւել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին: Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ միանալու համարե,- նշեց Հայաստանի արտգործնախարարը։  

Նախարարական հանդիպման ավարտին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերին՝ նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:

Հայաստանի նախագահության արդյունավետ եւ ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, ԵԽ հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը։

Նախարարական հանդիպումից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։

Հանդիպմանը ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ եւ ակտիվ գործունեությամբ ու շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար։

Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին ԵԽ օրակարգային խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի շուրջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի եւ Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի  նախարար Միքայել Շպինդելեգերի հետ միասին, մասնակցեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ վեց ամիս շարունակ ծածանվող ՀՀ պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։