Ամեն տարի ավելի ու ավելի շատ հայեր են մասնակցում «Գրին քարտի» խաղարկությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ ԱՄՆ դեսպանատան տվյալներով, 2009 թվականից ամեն տարի Հայաստանից «Գրին քարտի» խաղարկության հայտերի թիվն ավելանում է 10 հազարով, իսկ 2013-ին այն ավելացել է հասնելով 100 հազարի:
«Ինձ համար սա շատ տխուր փաստ է, ինչպես նաեւ այն, որ Ստամբուլում երեխաների համար հայկական դպրոցներ են բացվում, այն ընտանիքների երեխաների, որոնք հեռացել են Հայաստանի աշխատանք գտնելու»,-հայտարարել է պատգամավորը:
Արտագաղթը կորսված ռեսուրս է ոչ միայն արտադրության, սպառման, այլ նաեւ հարկային բեռի առումով, նկատել է Մանուկյանը: «Պատկերավոր ասած, 10 մարդու փոխարեն նույն հարկերը պիտի վճարեն 8-ը, բայց դա ինչպես չի մտահոգել մեր կառավարությանը, այդպես էլ չի մտահոգում»,-ընդգծել է նա:





























