Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, կարեւորելով Ասոցիացիայի եւ Երեւանի միջեւ առկա գործակցությունը, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին ու Իսահակյանի անվան գրադարանին ցուցաբերած գործուն աջակցության համար եւ հույս հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաեւ Երեւանի եւ Փարիզի միջեւ առկա հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ հարաբերությունների շրջանակը:
Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն նախ, որպես Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ, ողջունել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը համաժողովի աշխատանքներին եւ իր հերթին կարեւորել Փարիզի եւ Երեւանի միջեւ համագործակցության ընդլայնումը: Նա նաեւ վստահեցրել է, որ որպես Փարիզի քաղաքապետ կանի հնարավորը առկա հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ համաժողովի այլ մասնակիցների հետ:



























