Մոսկվայի  «Սադովոդ» շուկայում ապօրինի ներգաղթյալների դեմ զանգվածային նոր հարձակում է կատարվել: Ոստիկանությունից հայտնել են, որ  «Զասլոն-2» գործողությունն ուղղված է կազմակերպված հանցավորության, ապօրինի միգրացիայի եւ ապօրինի խաղային բիզնեսի դեմ պայքարի հակազդմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ձերբակալվել է շուրջ հազար մարդ:

 «Ռուսսկայա սլուժբա նովոստեյը», վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ  մարդիկ ոստիկաններից փախչում են Մոսկվայի օղակաձեւ ճանապարհով:  «Իմ փաստաթղթերը կարգին են, ես Լուգանսկից եմ եւ աշխատում եմ «Սադովոդում», սակայն ես նույնպես փախա ոստիկանությունից… Խնդիրն այնպիսին է, որ տանում են բոլորին, իսկ հետո փող պահանջում», — պատմել է Յուրի անունով մի մարդ: «Սադովոդ» շուկայի մոտ բավականին շատ ոստիկանական ավտոբուսներ կան կանգնած եւ շուկայի ամեն մուտքի մոտ` 10 ՕՄՈՆ-ականներ: Ավելի վաղ ականատեսները ՌՍՆ-ին հայտնել էին, որ միգրանտների վրա հարձակումներ կազմակերպել են նաեւ «Բելայա դաչա» շուկայում:

Սեպտեմբերի 28-ին ոստիկանությունն արդեն զանգվածային ստուգում իրականացրել էր այդ շուկայում:  Կալանավորվել էին հազարավոր մարդիկ: Ոստիկանները առգրավել էին մահակներ եւ սառը զենքեր, ինչպես նաեւ վաճառականներից մեկի մոտ հայտնաբերել էին տրավմատիկ ատրճանակ: