Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել նախագահ Հայնց Ֆիշերի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին եւ այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը եւ Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված առեւտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարեւորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջեւ ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաեւ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար:
Հանդիպման ավարտին նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ նախագահը սիրով ընդունել է:





























