Ժամանակակից երեխաները ավելի դանդաղ են վազում, քան իրենց ծնողները նույն տարիքում, պարզել են գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի գիտական նիստում:
Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնական Գրանթ Թոմքինսոնը եւ նրա գործընկերները վերլուծել են 50 հետազոտության արդյունքներ, որոնք նվիրված են վազքի ժամանակ երեխաների դիմացկունությանը: Այդ աշխատանքները կատարվել են 1964-2010 թվականներին եւ վերաբերել են 9-17 տարեկան ավելի քան 25 մլն երեխաների՝ 28 երկրներում:
Տվյալները ցույց են տվել, որ վերջին 46 տարիների ընթացքում երեխաների դիմացկունությունն էապես նվազել է: Յուրաքանչյուր 10 տարում երեխաների դիմացկությունը նվազել է 5 տոկոսով: Ժամանակակից երեխաները 1,5 կմ տարածքը 1,5 րոպե ավելի երկար են վազում, քան 30 տարի առաջվա երեխաները:
Վերջին տարիներին դիմացկունության անկումը դանդաղել է Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Հյուսիսային Ամերիկայում, սակայն այն շարունակվում է Չինաստանում: Ճապոնիայում, սակայն, այդ ողջ ընթացքում երեխաների դիմացկությունը գրեթե չի փոխվել:





























