Նոյեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 18:10-ի սահմանում Էջմիածին քաղաքի շտապօգնություն զանգահարած Գրիգոր Գևորգյանին պատասխանել են, որ ազատ մեքենա չունեն եւ չգիտեն՝ երբ կունենան։
«Մայրս Լենինգրադում գլխի վիրահատություն է տարել, ուժեղ պրիստուպներ ուներ: Զանգեցի շտապօգնություն, ասեցին երկու մեքենա կա, մեկը գյուղ ա գնացել, մյուսը քաղաքում է, չգիտենք՝ երբ կազատվի: Չփորձեցին հարցնել անգամ, թե ինչ խնդիր է: Ո՞նց կարելի է նման կերպ վարվել, այն էլ գիշերով»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց Էջմիածնի բնակիչը:
Բուժօգնությունը ժամանել էր ժամը 19:15-ին, իսկ մինչ այդ Գրիգորի մայրիկին օգնություն էին ցույց տվել հարևանները:
Էջմիածնի շտապօգնության ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Էջմիածնին և հարակից գյուղերին երկու մեքենա է սպասարկում: Երբ իրենց մեքենաները չեն բավականացնում, Երևանից մեքենա են կանչում, բայց այդ դեպքում ծառայությունը վճարովի է: Այնուամենայնիվ, Գրիգորին շտապօգնության օպերատորը այդ տարբերակը չի առաջարկել:




























