Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվարդ Փրայսին եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Սպառազինությունների նվազեցման գործակալության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես կողմերն անդրադարձան ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային եւ գործառնական վերջին բարեփոխումներին ու նոր գործառույթներին, ինչպես նաեւ Սպառազինությունների նվազեցման գործակալության ծրագրի  շրջանակներում հմատեղ միջոցառումների ներկա ընթացքին, առկա հարցերին եւ հետագա աշխատանքներին:

Այս ծրագրի շրջանակներում ամերիկյան կողմը առաջարկում է դիտարկել հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող կենտրոնական կառույցի մի տարբերակ, որը կտեղակայվի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում` ամբողջությամբ այնտեղ մեկտեղելով Հատուկ վտանգավոր վարակների կանխարգեման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն  ունենալու է կառավարման կենտրոնացված համակարգ եւ իր հիմնական գործունեությունը ծավալելու է  վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` բացի լաբորատորից ունենալով նաեւ այլ գործառույթներ:

«Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության աջակցությունը տարբեր ծրագրերի իրականացման հարցում` հատկապես կարեւորելով հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման գործում  ԱՄՆ ջանքերը»,-նշեց նախարարը` ակնկալելով հետագա համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացում, քանզի հատուկ վտանգավոր վարակների տեսանկյունից Հայաստանը գտնվում է էնդեմիկ գոտում եւ պետք է պատրաստ լինել հիվանդությունների արագ արձագանքմանը:

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառազինությունների նվազեցման գործակալության համատեղ սպառազինությունների նվազեցման գրասենյակի փոխտնօրեն Բրեդլի Կարնն իր խոսքում շեշտեց, որ ծրագրի հետ կապված յուրաքանչյուր առաջարկ պատրաստ են ուսումնասիրել` հստակեցնելով համագործակցության սկզբունքները:

Անդրադառնալով առողջապահական ոլորտի տեսչական բարեփոխումներին` նախարար Դումանյանը տեղեկացրեց, որ ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունների միաձուլումը նպատակ ունի բարձրացնել տեսչական գործառույթների արդյունավետ իրականացման որակը:

Նախարարը  նշեց, որ Առողջապահական պետական տեսչությունը, որը  ղեկավարվելու է կառավարման խորհրդի կողմից, ունենալով ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարություններից, ստանձնելու  է նոր գործառույթներ` վերահսկելով բժշկական օգնության որակը, լիցենզավորման պայմանները եւ պահանջների պահպանումը, դեղորայքային շրջանառությունը, այդ թվում` գովազդը ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին տարբեր ծրագրերի միջոցով հետագա համագործակցության ամրապնդումը եւ զարգացումը: