Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը ժամանել է Վան՝ մասնակցելու իր կուսակցության Վանի նահանգային համաժողովին, որտեղ վերջինիս բավականին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել:

Firat գործակալության փոխանցմամբ` Բայկալին Վանի օդանավակայանում դիմավորել են իր կուսակիցները եւ Վանի փոխնահանգապետ Օմեր Oզջանը: Այնուհետ Դենիզ Բայկալին ուղեկցել են այն վայրը որտեղ պետք է տեղի ունենա համաժողովը, սակայն ավտոբուսին են մոտեցել մի խումբ ցուցարարներ եւ սկսել քարերով ու ձվերով հարվածել: Թուրք կուսակցապետը որոշ ժամանակ սպասել է ավտոբուսի մեջ, մինչ ոստիկանությունը կարողացել է միջանցք բացել եւ նրան մտցնել շենք: Չնայած ոստիկանության ձեռնարկած միջոցառումներին, բողոքավորները բղավում էին «մարդասպան Բայկալ», «Էրգենեկոն Բայկալ», «ֆաշիստ Բայկալ» կարգախոսները:

Նշենք, որ Դենիզ Բայկալը դեմ է թե՛ քրդական հարցի կարգավորման ուղղությամբ թուրքական իշխանությունների առաջարկած ծրագրին, թե՛ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց ղարաբաղյան խնդրի լուծման: