ԱՄՆ-ը ողջունում է դեսպանին Վաշինգտոն ուղարկելու Թուրքիայի որոշումը։ Այս մասին ապրիլի 2-ին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։ «Մենք ողջունում ենք այդ որոշումը։ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ռազմավարական են»,- նշել է նա։

«Մենք շատ աշխատանք ունենք եւ պետք է այն միասին անենք, մեր ջանքերն առավել արդյունավետ կլինեն, եթե մեր զրուցակիցը Վաշինգտոնում լինի»,- ավելացրել է Քրոուլին։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի դեսպան Նամըք Թանը Վաշինգտոն կվերադառնա հաջորդ շաբաթ։

Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին մարտի սկզբին, այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ էր ընդունել։