Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինվորականների շրջանում` թալիբների հետ Քունդուզ նահանգում բախումների հետեւանքով, նախնական տվյալներով, զոհեր կամ տուժածներ չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

Նա նշել է, որ հայ զինվորականները Քունդուզում ապահովում են միայն քաղաքի օդանավակայանի անվտանգոթյունը: Իսկ բախումները տեղի են ունեցել Չախար-դարա տեղանքում, որ տեղակայված է աֆղանական այդ քաղաքում գերմանական ռազմաբազայի անմիջական հարեւանությամբ:

Նշենք, որ երեկ երեկոյան Աֆղանստանի Քունդուզ նահանգում գերմանացի զինծառայողների գնդակներից զոհվել են վեց աֆղանցի թալիբներ: Deutsche Welle-ի տվյալներով, թալիբների հետ մարտերում զոհվել են գերմանացի երեք, ծանր վիրավորվել 5 զինվորներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերի խաղաղարար բրիգադի ստորաբաժանումը փետրվարի 14-ից ծառայություն է իրականացնում աֆղանական այդ նահանգում, գերմանական զորամիավորման կազմում: Նրանք Աֆղանստան են ժամանել Գերմանիայից, որտեղ մինչ այդ մասնակցել են նախապատրաստական վարժանքներին: