Գերմանիայում մահմեդական ներգաղթյալների հիմնադրած «Նորացման եւ արդարության միություն» կուսակցությունը մտադրություն է հայտնել մասնակցել երկրի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի տեղական խորհրդարանի ընտրություններին։
Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ, կուսակցությունը տակավին վերջերս է ստեղծվել եւ հայտ է ներկայացրել մասնակցել մայիսի 9-ին կայանալիք ընտրությանը: Կուսակցության նախագահը Բոննում մահմեդականների խորհրդի նախագահ Հալուք Յըլդըզն է, որին 2009թ. Բոննում կայացած համայնքային ընտրություններում հաջողվել էր երկու տեղ ստանալ քաղաքային խորհրդում։
Ըստ գործակալության՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում շուրջ մեկ միլիոն մահմեդական է ապրում, որոնց մեկ երրորդն արդեն Գերմանիայի քաղաքացի է եւ կարող է քվեարկել առաջիկա ընտրություններում:
Յըլդըզը չի բացառել առաջիկայում իր հիմնած կուսակցությամբ նաեւ համադաշնային ընտրություններին մանսակցելու հնարավորությունը:




























