Հայկական նոր ավիափոխադրող «Skynet»-ը ցանկանում է փոքր եւ միջին հեռավորությամբ չվերթներ իրականացնել: Լրագրողներին այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Գրիգորի Վարդանյանը: Ընկերության հիմնադիրը եւ սեփականատերը «Հայաստանի քաղաքացիական օդաչուների միությունն է (որը ղեկավարում է ԼՂՀ ԿԱ Քաղավիացիայի վարչության ղեկավար Դմիտրի Ատբաշյանը): Ընկերությունն արդեն ունի մեկ բրիտանական «JetStream 32» օդանավ՝ փոքր եւ միջին հեռավորության՝ 1200 կմ շառավղով: Այլ խոսքով՝ կարող ենք ծածկել ներհայաստանյան չվերթները, այդ թվում՝ հեռավորները՝ Երեւանից Կապան եւ Ստեփանակերտ, ինչպես նաեւ Թբիլիսի եւ Բաթում, Ռուսաստանի հարավ եւ Իրանի հյուսիս», – նշել է Վարդանյանը:
Օդանավի ձեռքբերման հարցում օգնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը կառավարում է «Զվարթնոց» օդանավակայանը: «Հնարավոր է, այն կաջակցի մեզ օդանավակայանների կայանման եւ սպասարկման վճարների հարցում՝ հաշվի առնելով ներքին չվերթների կարեւորությունը Հայաստանի համար»:
Ըստ Վարդանյանի՝ 18 ուղեւորների համար նախատեսված օդանավը գտնվում է աշխատանքային վիճակում: Առաջիկայում այն նախատեսվում է ուղարկել ընթացիկ վերանորոգման Գերմանիա կամ Շվեդիա, որտեղից այն կվերադառնա հունվարի վերջին: Այդ օդանավով ընկերությունն արդեն չվերթ իրականացրել է (հարսանեկան ճամփորդություն Հայաստանով):
Նշենք, որ ըստ 2-3 տարի առաջ Հայաստանի ավիացիայի ազգային խորհրդի կատարած հաշվարկների համաձայն, ավիատոմսերի գները կկազմեն. Երեւանից Ջերմուկ՝ 8100 դրամ, Կապան՝ 12400 դրամ, Ստեփանակերտ՝ 14 350 դրամ: Երեք չվերթների եկամուտը կկազմի 13%: Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի այդ դիտարկմանը՝ Վարդանյանը նշել է, որ նման սակագները որոշ փոփոխություններով իրատեսական են: «Հատկապես, եթե «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հնարավորություն գտնի մեզ աջակցելու», – հավելել է նա: Չարթերային չվերթների վարձակալման մեկ ժամն արժե 1680 դոլար:
Ըստ նրա՝ հենց հիմա ընկերությունը պատրաստ չէ չվերթներ իրականացնելուն, սակայն դիտարկում է նաեւ հնարավոր ուղղություններ դեպի Գյումրի եւ Ստեփանավան: Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանը դեռ չի գործում, սակայն 2013թ. փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ հայտարարվել էր օդանավակայանի վերանորոգման համար միջոցներ գտնելու մասին: Աջակցությունն սպասվում էր նաեւ մարզի խոշոր լեռնահանքային ձեռնարկությունների կողմից («Deno Gold» եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ): Դեռեւս բավականաչափ միջոցների հավաքման եւ վերանորոգում սկսելու մասին չի հաղորդվել:





























