Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեյը, ով մեղադրվում է երգչի սպանության մեջ, հայտարարել է, որ վերջինս ինքնասպան է եղել՝ իրեն ներարկելով պրոպոֆոլի մահացու դոզա։ Ինչպես հայտնում է TMZ պորտալը, Մյուրեի փաստաբանները նրա պաշտպանությունը մտադիր են կառուցել այս պնդման հիման վրա։

Բժշկի եւ նրա պաշտպանների կողմից առաջ քաշված վարկածի համաձայն, Ջեքսոնի մահվան օրը բժիշկը նրան այդ դեղամիջոցի փոքր քանակություն է տվել։ Որոշ ժամանակ անց Մյուրեյն, իբր, դուրս է եկել երգչի սենյակից, իսկ Ջեքսոնը, դրանից օգտվելով, խմել է դեղի 20 միլիլիտրանոց շշի պարունակությունը։

Գերդոզավորման հետեւանքով Ջեքսոնի սիրտը կանգ է առել։

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, գործի մեջ կան երգչի սենյակի նկարներ, որոնցում տեսանելի է, որ նրա անկողնու մոտ՝ գետնին, դատարկ շիշ է ընկած։

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվել էր 2009 թ. հունիսի 25-ին։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ 50-ամյա երգչի մահվան պատճառը եղել է պրոպոֆոլի գերդոզավորումը կամ դրա անհամատեղելիությունը այլ դեղամիջոցների հետ։