Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին  տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հնարավոր չէ կազմակերպել բուժումը, այնտեղ միայն նրա վիճակը կայուն են պահում, բայց բուժում չի ստանում: «Իրեն պետք է մասնագիտացված բուժում, համապատասխան դեղամիջոցներով, բժշկական վերահսկողություն, համապատասխան մթնոլորտ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Իսկ թե ինչու նրան չեն տեղափոխում մեկ այլ հիվանդանոց, փաստաբանը նկատեց, որ պետական մարմիններին կողմից այս գործին ոչ դրական վերաբերմունք կա, փորձ է արվում խեղաթյուրել օբյեկտիվ ճշմարտությունը, որը ձեռնտու չէ ոչ իրենց, ոչ էլ տուժող կողմին: Հիվանդանոց տեղափոխվելու առումով նաեւ օրենքի հետ կապված խնդիր ունեն, քանի որ դատապարտյալին այլ հիվանդանոց են տեղափոխվում, եթե նրա կյանքին սպառնալիք կա, իսկ քանի դեռ նրա կյանքին վտանգ չի սպառնում, դերասանը կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում»: 

Անդրադառնալով գործի իրավական ընթացքի մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դեռ չեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ, ստանալուն պես այն կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Դատախազություն հասցեագրված քննիչին բացարկ հայտնելու վերաբերյալ երկրորդ դիմումին եւս դեռ պատասխան չկա, նույն պահանջով առաջին դիմումը մերժել էին: Ինչ վերաբերում է քննիչին կարգապահական տույժի ենթարկելու մասին ոստիկանություն հասցեագրված դիմումին, ապա նրան պատասխանել են, թե քննիչը բանավոր կարգով զեկուցել է գործողությունների մասին, մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը ենթադրում է գրավոր ծանուցում:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ պատրաստ է վթարի մոդելավորման 3D տարբերակը, բայց եթե գործը փակվի, այն չեն ներկայացնի հանրությանը: «Մենք սկզբից այն ցանկանում ենք ներկայացնել տուժող կողմին, այնուհետեւ քննարկենք որոշակի ժամկետում, թե ինչ անենք: Եթե նպատակը օբյեկտիվ ճշմարտությունն էր, մենք այն բացահայտել ենք, եթե կասկածներ կան, մենք կարող ենք ուղղորդել, որ իրենք դիմեն մի հեղինակավոր կազմակերպություն եւ իրենք մոդելավորեն վթարը: Այդ ծրագիրը թույլ չի տալիս որեւէ խեղաթյուրում անել, դու ընդամենը տվյալներն ես տեղադրում: Եթե տուժող կողմը համաձայնի որ դա է ճշմարտությունը եւ գործը փակվի, մենք այն չենք հրապարակի: Մեր նպատակն է, որ տուժողին վնաս չպատճառենք»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ միակ անձը, ով չի ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի, նախաքննական մարմինն է:

Ի դեպ, այսօր վթարից զոհված Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների քառասունքն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: