Լիբանանի Տրիպոլիում (Բեյրութից 90 կմ հեռվում) այսօր սունիների եւ ալավիների թշնամական խմբավորումների միջեւ բախումներ են եղել։ Ըստ տեղեկությունների՝ հրադադարի գծում տեղակայված լիբանանցի զինվորները փորձում են կանխել բախումները։

Հերթական բախումը կաթվածահար է արել քաղաքի կյանքը։ Փակվում են շուկաներն ու խանութները։ Զինվորները զրահապատ մեքենաներով տեղափոխում են երեխաներին։

Իրավիճակը սրվել է, երբ առավոտյան սիրիամետ Արաբական դեմոկրատական կուսակցությունը հայտնել է Մանքուբին թաղամասում ալավիներից մեկի սպանության մասին։ Պատասխանատվությունը ստանձնել է նախկինում անհայտ ծայրահեղական «Տրիպոլիի մզկիթներում զոհվածների ընտանիքների զինված կոմիտե» խմբավորումը։ Դրա անվանումը կապում են սունիական Տակվա եւ Սալյամ մզկիթների ահաբեկչությունների հետ, որոնց զոհ էր դարձել 45 մարդ, եւս 800-ը վիրավորվել էին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։