«Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երեւի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետեւ բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները»: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ֆինանսների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ խոսելով Վիլնյուսի գագաթնաժողովի մասին:
«Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, եւ՛ մեզ համար, եւ՛ Եվրամիության, եւ՛ Արեւելյան գործընկերության: Իսկ Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաեւ փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին:
Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, եւ՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, եւ այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ»,- նշել է նա:
Սարգսյանը նորմալ է գնահատում գագաթնաժողովի արդյունքները: «Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, եւ գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, եւ մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արեւելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը եւս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ եւ ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ եւ ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, եւ երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:





























