Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը խիստ զայրացած ու անհանգիստ է Անկախության Մայդանում ընդդիմադիրներին ցրելու փաստից, որը տեղի է ունեցել նախորդ գիշեր: Այդ մասին վարչապետը գրել է Facebook-ում տեղադրված հայտարարության մեջ:
«Ես խիստ զայրացած ու անհանգստացած եմ նախորդ գիշեր Անկախության Մայդանում տեղի ունեցածի կապակցությամբ: Տարբեր կողմերից ստացած իմ տեղեկություններն առայժմ թույլ չեն տալիս միանշանակ հետեւություններ անել, թե ով է պատասախանատու այս սադրանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ազարովը հայտնել է, որ դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ- հետաքննչական խումբը իրավական գնահատական կտա կատարվածին՝ «օբյեկտիվ գնահատական՝ անկախ ամեն ինչից»:
«Համոզված եմ, որ դա տեղի կունենա, քանի որ բոլոր գործողությունները փաստականացված են: Խումբն իր առաջ խնդիր ունի կարճ ժամկետում հետաքննություն անցկացնել ու հստակ պատասխան տալ՝ ով, ինչի համար ու ինչ պատիժ պետք է կրի»,- հայտարարել է վարչապետը:
«Այժմ պարզ է, եթե կա մեկը, ով բացառապես շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ, ապա իշխանությունն է: Հակառակ, մեր խնդիրն է երկրում խաղաղություն ու կայունություն ապահովել: Բազմիցս ասել եմ ու կկրկնեմ. մարդիկ, ովքեր օրենքի սահմաններում խաղաղ կերպով արտահայտում են իրենց բողոքը, մեր համաքաղաքացիներն են ու նրանց իրավունքները մենք պետք է պաշտպանենք: Այդ մարդիկ կողմ են եվրաինտեգրացմանը, այսինքն այն կուրսին, որին հետեւում են նախագահն ու կառավարությունը: Մենք գնահատում ենք նրանց կարծիքը, երկխոսություն ենք վարում, ինչպես եւ մեր հասարակության ցանկացած անդամի հետ»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ:





























