Հայաստանի Ազգային Ժողովն օրենքներ է ընդունում, որոնք երբեմն ոչ ճիշտ են կիրառվում եւ քաղաքացիների դեմ են գործում:

Այս մասին դեկտեմբերի 2-ին  խորհրդարանի նիստում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ նախագահի Հայաստան այցի արդյունքում բերման են ենթարկվում ակտիվիստները:

Նրա խոսքով՝ այսօր վաղ առավոտից քաղաքացիական ակտիվիստները ոստիկանություն բերման են ենթարկվում: Փաշինյանն ընդգծել է, որ դատապարտում է նման երեւույթները, իսկ ոստիկանների գործողությունները ոչ այնքան ակտիվիստների գործողությունների հետ էին կապված, որքան ուրիշների վրա ճնշում գործադրելու նպատակ էին հետապնդում:

Փաշինյանը խոսնակին կոչ է արել գնահատել կատարվածը եւ որեւէ կերպ կազմակերպել տվյալ հարցի քննարկումը խորհրդարանում: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  հայտարարել է, որ ներկայումս ոստիկանությունում դեռ պահվում են 9 ակտիվիստներ:

Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ ակտիվիստներին բերման ենթարկելն ապօրինի է եղել:   Նա խոսնակին կոչ է արել դիտարկել պատգամավորների հայտարարությունը որպես դիմում եւ միջոցներ ձեռնարկել ակտիվիստներին ազատ արձակելու համար: Ի պատասխան` խոսնակը խոստացել է անպայման զբաղվել տվյալ հարցով խորհրդարանի նիստի ընդմիջման ընթացքում:

Պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ կատարվածը քաղաքացիների սահմանադրական իրավունքների զանգվածային խախտում է: Նա ընդգծել է, որ ոստիկանները ոչ միայն ապօրինի բերման են ենթարկում ակտիվիստներին, այլեւ փորձում են ներխուժել երիտասարդ ակտիվիստուհու տուն:  Նա խորհրդարանին կոչ է արել դիտարկել ոստիկանության գործողությունների օրինականությունը եւ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: «Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, անկախ նրանից, թե ով է այստեղ`  Ղազախստանի արտգործնախարարը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարցն այլ տեսանկյունից է բարձրացրել: Նա նշել է, որ ակտիվիստների հարցը պետք է հնարավոինս արագ լուծել, քանի որ այդ հանգամանքը ստվեր է նետում Պուտինի պետական այցի վրա, իսկ պետական այցը «բխում է Հայաստանի շահերից»:

Պագամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց զայրույթն են արտահայտել, որ «որոշ պատգամավորներ» քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումը դիտարկում են որպես  աննշան հարց:

Դրան ի պատասխան` ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դատապարտում է ցանկացած անօրինություն, եւ խորհրդարանին դիմելու դեպքում` օրենսդիր մարմինն անպայման կանդրադառնա տվյալ հարցին: «Ակտիվիստներից ոչ ոք չի կալանավորվել, վարչական վարույթ է սկսվել, նրանց ազատ կարձակեն երեք ժամվա ընթացքում:  Ես դա նշում եմ հատուկ այն պատգամավորների համար, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել այդ կապակցությամբ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am