Հիվանդանոցից  ոստիկանության Մարաշի բաժանմունք նոյեմբերի 11-ին, ժամը 22.15-ին,  հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Պողոս Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Պողոս Մ.-ն տան հետնամասում շարված պատի քարերը հարթեցնելու ժամանակ աստիճանահարթակից վայր է ընկել եւ ստացել վնասվածք:

Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 11-ին Նորք-Մարաշում վիճաբանության ժամանակ 1981 թ. ծնված Հայկ Շ.-ն  երկաձողով երեք անգամ հարվածել է Պողոս Մ.-ին և պատճառել վնասվածք:

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.35-ին, Հայկ Շ.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: