Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը ազգաբնակչությանն ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ չի կատարի ընդդիմության պահանջը եւ հրաժարականի ու խորհրդարանը ցրելուն չի դիմի:

Չինավաթն ընդգծել է, որ չնայած ցույցերին, կառավարությունը եւ պետական բոլոր հաստատությունները կշարունակեն իրենց աշխատանքը: Նա նաեւ խոստացել է գործադրել բոլոր ջանքերը` լարված իրադրությունը խաղաղ ճանապարհով, առանց բռնության լուծելու համար, եւ հավելել է, որ երկրի բանակը շարունակում է չեզոքություն պահպանել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հիշեցնենք, որ Բանգկոկում բողոքի փողոցային ցույցերը սկսվել են մեկ շաբաթ առաջ: Ցուցարաները դեմ են կառավարության նախկին ղեկավարի եւ ներկայիս վարչապետի եղբոր՝ Թաքսին Չինավաթի հետ իշխանությունների ունեցած կապին, որը, գտնվելով արտաքսման մեջ, իբր շարունակում է ղեկավարել երկիրը: Նախկին վարչապետը պաշտոնանկ էր արվել 2006թ. ռազմական հեղաշրջման հեեւանքով, որից հետո նա հեռակա կարգով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման` ծառայողական դիրքը չարաշահելու համար: