Նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 2-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաեւ փրկարարներին եւ Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի պետական այցը սկսվել է հանրապետության երկրորդ քաղաքից՝ Գյումրիից:
Հուշահամալիրը պատրաստվել է Մոսկվայում, տեղափոխվել Գյումրի ու բացվել 2008թ դեկտեմբերի 7-ին: Դրա հեղինակն է ռուսատանցի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանը կնշի Սպիտակի կործանարար երկրաշարժի 25-րդ տարելիցը: Հիշեցնենք, որ երկրաշարժի արդյունքում գրեթե ամբողջությամբ քանդվել էին Հայաստանի երկու քաղաքներ՝ Սպիտակն ու Լեննականը (ներկայիս Գյումրի), ինչպես նաեւ մոտ հարյուր գյուղեր: Եվս մի քանի քաղաքներ մասամբ էին ավերվել:































