Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի այցն անպայման դրական կազդի ռուսական ռազմակայանի մարտունակության եւ ռազմական պատրաստվածության վրա, որի անձնակազմը, ըստ մեր պետական պայմանավորվածությունների, Հայասստանի անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Պուտինն իր պետական այցը Հայաստան սկսել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան այցելությամբ:

«Շնորհակալ եմ Ձեզ, որ ընդունեցիք մեր առաջարկությունը եւ պետական այցն սկսեցիք հենց Գյումրիից: Դա մեր ամենակոլորիտային եւ ամենապահպանողական քաղաքն է: Եվ, իհարկե, մեր կազմակերպած միջտարածաշրջանային ֆորումին Ձեր մասնակցությունը դրան լրիվ այլ նշանակություն տվեց»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները «շատ դինամիկ» են զարգանում: «Մեր հանդիպումները կրում են պարբերական եւ հաճախակի բնույթ: Մենք վերջերս միասին մասնակցեցինք ԱՀՊՀ գագաթաժողովին, մինչ այդ, անցկացրել էին, իմ կարծիքով, շատ արդյունավետ հանդիպում Սոչիում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում: Մինչ այդ եղել էի Մոսկվայում եւ մենք Ձեզ հետ պայմանավորվեցինք մեր ընդհանուր գործերի, Մաքսային միությանը միանալու մեր ցանկության մասին»,-ասել է ՀՀ նախագահը:

«Ուզում եմ մի փոքր առաջ ընկնել իրադարձություններից եւ շնորհակալություն հայտնել այն պայմանագրերի համար, որոնք մենք պիտի ստորագրենք: Դա թույլ կտա զարգացնել հայկական տնտեսությունը»,-նշել է Սարգսյանը: