Մոսկվայի Տվերի դատարանը հրաժարվել է ընդունել ՀՀ քաղաքացի, «ԿԱՄԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանների բողոքը, որն իր բեռնատարով բախվել էր ավտոբուսին եւ որին դատարան էին բերել կանացի ծաղկավոր խալաթով:
«Դատարանը երկրորդ անգամ տարբեր առիթներով հետ է վերադարձնում քննիչի դեմ ուղղված Հրաչյա Հարությունյանի փաստաբանների բողոքը: Հեն այդ դատարանում էր, որ Հարությունյանին բերել էին կանացի խալաթով»,-«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ Հարությունյանի նկատմամբ նախաքննությունը մոտենում է ավարտին: Երբ քննիչը պաշտոնապես հայտարարի քննության ավարտի մասին, նրա գործողությունների վերաբերյալ ոչ մի բողոք դատարանը չի քննարկի օրենքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 13-ին, Մոսկվայում խիճ տեղափոխող «ԿԱՄԱԶ»-ը բախվել էր «ԼԻԱԶ» ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:





























