Բանգկոկում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, շարունակվում է կառավարության շենքի գրոհը, թեեւ վարչապետը հրամայել է բացել կառավարական համալիրի դարպասները: Վարչապետի հրամանը բարձրախոսով ներկայացվել է ցուցարարներին:
Կառավարության տունը պաշտպանող ոստիկանները ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով փորձում են հետ մղել ցուցարարներին, հաղորդում է Bangkok Post թերթը:
Ոստիկանական ուղղաթիռներն առավոտից հանրահավաքների վայրերում թռուցիկներ են ցրում, որտեղ նշված է, որ Բանգկոկի քրեական դատարանը ընդդիմության առաջնորդների կալանավորման որոշում է կայացրել՝ արտակարգ դրության պայմաններում արգելված հանրահավաքներ կազմակերպելու մեղադրանքով: Իսկ բողոքի ալիքի գլխավոր առաջնորդ Սուտհեպ Տհիաքսուբանը մեղադրվում է պետական դավաճանության եւ պետական հեղաշրջման փորձի մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Թռուցիկներում ցուցարարներին կոչ է արվում ինքնակամ լքել գրաված կառավարական հաստատությունների տարածքները:
Բանգկոկում ընդդիմության հանրահավաքները շարունակվում են արդեն մեկ ամիս, որի մասնակիցները պահանջում են Տաքսին Չինավատի ռեժիմի հրաժարականը, ով երկրի նախկին վարչապետն է եւ ներկա վարչապետի ավագ եղբայրը:
Ցույցերի առիթը եղել է այն, որ իշխող կուսակցությունը փորձել է խորհրդարանում համաներման օրենք ընդունել, որը թույլ կտա Չինավատին վերադառնալ հայրենիք եւ զբաղվել քաղաքականությամբ:





























