Իսլանդիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի ոստիկանության աշխատակիցները հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալելու գործողության ժամանակ գնդակահարել են նրան: Երկրի ՆԳ նախարար Հարալդուր Յոհանեսենը Ռեյկյավիկում տեղի ունեցածն աննախադեպ է որակել:

Երբ սեփական բնակարանում գտնվող միջին տարիքի տղամարդը զենքից սկսել է կրակել, ոստիկանությունը տարհանել է մոտակա շենքերի բնակիչներին եւ փորձել շփման մեջ մտնել տղամարդու հետ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Անհաջող բանակցություններից հետո ոստիկանները կասկածյալին չեզոքացնելու համար արցունքաբեր գազ են կիրառել բնակարանում, սակայն տանտերը անկանոն կրակ է բացել պատուհանից: Որոշում է կայացվել բնակարանը վերցնել գրոհով: Կասկածյալը կրակ է բացել հատուկջոկատայինների վրա:

Պատասխան կրակից կասկածյալը մահացու վնասվածք է ստացել: Տեղի հիվանդանոցի բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորի կյանքը:

Միաժամանակ, Իսլանդիայի ՆԳ նախարարն արդեն ցավակցություններ է հայտնել մահացածի հարազատներին՝ հայտարարելով, որ ոստիկանության ղեկավարությունը եւ շարքային աշխատակիցները ցավում են կատարվածի համար:

Նշենք, որ Իսլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 320 հազար: Այս երկրում հանցավորության մակարդակը շատ ցածր է: