Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի գործը նոյեմբերի վերջին ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ  Գործով դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ինքնաբացարկ է հայտնել, գործը մակագրվել է մեկ այլ դատավորի՝  Զոյա Զաքինյանին, գործը կքննվի Բերդում: Առաջին դատական նիստը դեռ նշանակված չէ:

Ըստ մեղադրական եզրակացության՝  Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում եւ ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել նրա առողջությանը: