Արմավիրի մարզի Վաղարաշապատ շրջանի Այգեկ գյուղում տագրը չի ծեծել հարսին եւ երեխաներին, ընդամենը բարկացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:

Նա նշեց, որ տագրը՝  Սարգիսը, շատ լավ երիտասարդ է, տարիներ ի վեր նա աշխատել եւ աշխատում է ու այդ ընտանիքին է պահում: Սարգիսը ամուսնացած չէ եւ երեխաներ չունի, աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում: Ընտանիքում ապրում են մոր, եղբոր ընտանիքի՝ կնոջ եւ երկու երեխաների հետ: Գյուղապետի փոխանցմամբ՝ սա այն եզակի ընտանիքներից է, որը «մի կոպեկ պարտք չունի» եւ դա Սարգիսի շնորհքն է:

Միջադեպի ժամանակ եղբայրը տունն է եղել, Սարգիսը մտել է, ընդամենը բարկացել է, հետո նրան հանգստացրել են: «Հիմա տղա է, 20 տարի ձեզ պահում ա, կարող ա մի բան նկատել ա, ջղայնացել ա, կարող ա մի բաժակ սուրճ  է ուզել, չեն տվել, ջղայնացել ա, էդտեղ ի՞նչ կա»,-ասաց Վարուժան Աբրահամյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Սարգիսի եղբայրը մշտական աշխատանք չունի, օրավարձով տարբեր գործեր է անում: Գյուղապետը նաեւ վստահեցրեց, որ Սարգիսը սթափ վիճակում է եղել եւ եղբոր ընտանիքին տնից հանելու մտադրւթյուն չի ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Արմավիրի մարզի Վաղարաշապատ շրջանի Այգեկ գյուղում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպք է գրանցվել, այս անգամ՝ տագեր կողմից: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին այդ գյուղի 30-ամյա բնակչուհին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ ամուսնու եղբայրը ալկոհոլ օգտագործած վիճակում ծեծում է իրեն ու իր երեխաներին եւ տնից դուրս հանում:

Պարզվել է, որ իսկապես կնոջ ահազանգը ճիշտ էր, նրա ամուսնու եղբայրը՝ Սարգիս Հ-ն, ում հետ բնակվում են մի տանը, ծեծի էր ենթարկել կնոջն ու երեխաներին եւ պատճառել վնասվածքներ գլխի շրջանում:

Ոստիկանությունից հաստատել էին  NEWS.am-ի ունեցած տեղեկությունը: Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Սարգիս Հ-ն ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կատարվում է նախաքննություն: