Պաշտոնական Փհենյանը հայտարարել է միջուկային ներուժն ավելացնելու մտադրության մասին:  ԿԺԴՀ-ն դա հիմնավորում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի շարունակվող  սադրանքներով, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նաեւ հրահանգել է ուժեղացնել Հարավային Կորեայի նկատմամբ հակաքարոզչությունը:

 «Նոդոն Սինմուն» թերթի (Կորեայի աշխատանքային կուսակցության թերթը) հոդվածում ասվում է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի միջուկային ծրագիրը՝ ի պատասխան  «ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կատաղի պայքարի, որն ուղղված է ԿԺԴՀ-ին միջուկային հարված հասցնելուն:

«Մեր թշնամիները միջուկային զենք են օգտագործում մեր տարածք ներխուժելու նպատակով, այդ պատճառով պետք է անենք հնարավորը միջուկային պաշտպանության համակարգ ստեղծելու համար», - նշված է թերթում:

Փհենյանն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ-ի կառավարության՝ Կորեական թերակղզին միջուկազերծելու մասին կոչը՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենքը ձեռք է բերում ի պատասխան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից սպառնացող վտանգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: